5.10.2024
Մամուլ. Արարատ Միրզոյանը հեռանում է, Սասուն Միքայելյանը՝ վերադառնում
02.06.2022
Մամուլ. Արարատ Միրզոյանը հեռանում է, Սասուն Միքայելյանը՝ վերադառնում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները եւ մի քանի եզրահանգում արել։ Կա՛մ Արարատ Միրզոյանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, նրան է կասկածում նոյեմբերի 9-ի գիշերն իր ծեծը կազմակերպելու հարցում, դրանից հետո էլ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից է զրկել, ուստի որոշել է ցույց տալ, որ չի ուզում նրա ղեկավարած վարչությունում լինել։ Ոմանք ավելի հեռուն գնացող հետեւություններ են արել, թե Միրզոյանին պատրաստում են ժառանգորդի դերի համար։ Ուշագրավ է, որ առաջադրվել է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը պատերազմից հետո հեռացել էր թիմից, անգամ պատգամավորական ցուցակում չընդգրկվեց: Որքան էլ զարմանալի է՝ չի առաջադրվել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխարենը Լենա Նազարյանն է առաջադրվել, իսկ նրա ամուսին Նարեկ Բաբայանը, որը գործող վարչության անդամ էր, չի առաջադրվել։ Առաջադրվել է նաեւ նախորդ վարչություն չմտած, ներկայումս վարչապետի կնոջ մտերիմ Մխիթար Հայրապետյանը»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա Հայաստանից: Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։ Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրիքնի տեղակալն է կամ, այսպես ասած, փոխդեսպանը։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայում «մարտական մկրտություն» ստացած դիվանագետը դիվանագիտական առաքելություն է իրականացնելու Հայաստանում»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճը այն աստիճան է թեժացել, որ վերջիններս սկսել են անգամ միմյանց մեղադրել քրեական գործերի քննությունները տապալելու մեջ: Ավելին՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով «ինչ -ինչ խաղերի մեջ է մտել»: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացվել է որոշում Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին, եւ դա պայմանավորված է եղել նրանով, որ քննիչը, առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու, հայտարարել է նախաքննության ավարտ, եւ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ: Դատախազության այս հայտարարության դեմ դուրս եկավ կոմիտեն՝ հայտարարելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձեւակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու՝ դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»: Դատելով այս մտահոգությունից՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը քաղաքական իշխանություններին հրապարակային, բայց ոչ ուղիղ կերպով փորձում է հասկացնել, որ գլխավոր դատախազը նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործերով ինչ-որ քաղաքականություն է որդեգրել կամ, ինչպես իրենք ենք պնդում, քրեական գործերի քննությունները տապալում է: Ի դեպ, սա երկրորդ քննիչն է, որ հեռացվում է վարույթից: Առաջին քննիչը, որ հեռացվեց վարույթից, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով քննիչն էր: Այսպիսով, երկու կառույցները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, որի արդյունքում նախկին պաշտոնյաները ազատ վաճառում են իրենց՝ կասկածելի ծագմամբ ունեցվածքը կամ վայելում են ազատությունը»: «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ 10 հազար դոլար կաշառք տալու դեպք է բացահայտել․ «Ս. Զ.-ն 2021 թ․ դեկտեմբերին եւ 2022 թ․ հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու համար, սակայն նրանից մերժում է ստացել: Այնուհետեւ՝ 2022 թ․ ապրիլի 27-ին, ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է Գեւորգյանին եւ նրա կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու․․․ համար Գեւորգյանին որպես կաշառք տվել է 4 մլն 599 հազար 800 դրամին համարժեք դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր, եւ խնդրելով ուսումնասիրել դրանք: Վ․ Գեւորգյանը, պարզելով, որ թղթապանակում կաշառք հանդիսացող գումար է, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ԱԱԾ-ին, ապա ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գեւորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տրված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»։ Մեր տեղեկություններով, խոսքը Սամսոն Զատիկյանի մասին է, որը նախկինում զբաղեցրել է Ջրային կոմիտեի Մալաթիայի բաժնի պետի, իսկ 2018-2019 թթ․՝ կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի վաղ զբաղեցնում էր ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նա գիշերային այցեր ու խուզարկություններ է անում համալսարանի աշխատակիցների աշխատասենյակներում, նրա անունը շրջանառվեց նաեւ ռեկտոր Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալի պատմության մեջ»: «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ գրասենյակում երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպել է մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ եւ քննարկել համատեղ ճակատի ձեւավորման ու վաղը ԱԺ արտահերթ նիստում հրապարակվելիք հայտարարության հարցը։ Մասնակցել են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային անվտանգության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը, Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը, «Ազատության» նախագահ Հրանտ Բագրատյանը, Արա Զոհրաբյանը՝ «Զարթոնք», Արամ Հարությունյանը՝ «Համաձայնություն», Սարգիս Ավետիսյանը՝ «Համերաշխություն», Մանուկ Սուքիասյանը՝ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից, 5165 շարժման եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները։ Հիշեցնենք․ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմությունը 16.00-ին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում հայ-թուրքական եւ ադրբեջանահայկական հարաբերություններին առնչվող հայտարարության տեքստն է, որով ասում են՝ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ ՔՊ-ականներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու արտահերթին։ Ընդդիմադիրները ծրագրում են հնարավորինս շատ մարդ հավաքել եւ ճնշում գործադրել, որ արտահերթը կայանա»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ աչքի է զարնում «բերետավորների» առանձնահատուկ «վերաբերմունքը» Լևոն Քոչարյանի նկատմամբ՝ պարբերաբար նրան բերման ենթարկելու տեսքով: Իսկ երկուշաբթի կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդհանրապես 10-15 հոգով ակնհայտ դիտավորությամբ բռնություն էին կիրառում նրա նկատմամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, այլ Լևոն Քոչարյանի նկատմամբ «ուշադիր» լինելու և ամենաչնչին առիթն օգտագործելով՝ նրան բերման ենթարկելու հստակ հանձնարարության հետևանք: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հաշվարկել են, որ, ինչպես մեր հասարակության որոշակի հատված, ոստիկանների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կիրթ, գրագետ, կայացած մարդկանցից խորշում են, ուստի բերման ենթարկելիս հաստատ բռնի ուժ կկիրառեն: Ի դեպ, ուշագրավ է, որ իրավապահների հետ շրջում են հատուկ նկարահանողներ, որոնք որևէ կապ չունեն ԶԼՄ-ների հետ (մեծամասամբ՝ նաև ոստիկանության հետ), որպեսզի հատկապես նման «առանձնահատուկ» շոուների պարագայում նկարահանեն այդ կադրերը: Ըստ երևույթին, նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվի»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին զուգահեռ, մարդաշատ երթ ու հանրահավաք տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, որտեղ նույնպես բազմահազար արցախցիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունն ու հուժկու էներգետիկան լրջորեն անհանգստացրել են ՀՀ իշխանություններին։ Նրանց հատկապես նյարդայնացրել են Վերածննդի հրապարակում իրենց հասցեին հնչած կոշտ հայտարարություններն ու դատապարտող կոչերը։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած Արցախում գոյություն ունեցող ռազմական դրությանը և հանրահավաքների սահմանափակումներին, Արցախի քաղաքական ուժերն առաջիկայում պատրաստվում են նմանօրինակ տարբեր ակցիաներ կազմակերպել՝ այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքն ու հստակ դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։ Ճիշտ է, ինչպես մեզ ասաց մեր զրուցակիցներից մեկը, նշված գործողությունները չեն կրի ինտենսիվ բնույթ, սակայն այդ կերպ արցախցիներն իրենց ազդակներն են փոխանցելու Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող գործողություններին։ Արցախում հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների հետ ոչ մի կերպ հույս կապել չի կարելի, և «Արցախի ադրբեջանականացումը» կանխելու համար Հայաստանում միանշանակ պետք է լինի իշխանափոխություն»: «Հրապարակ» թերթը գրում է. «Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ՝ շենքերի հիմքերն են փորում։ Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2024 -ին։ Ասացին, որ արդեն նոր թաղամասում բնակարաններ եւ բիզնես նշանակության տարածքներ ձեռք բերելու համար հետաքրքրվողներ կան։ Պարզվում է՝ սա լինելու է ամենաթանկ թաղամասերից մեկը, որտեղ 1 քմ-ի գինն սկսվելու է 3.5-4 հազար դոլարից, գրասենյակային տարածքներինը՝ 10-12 հազար դոլարից։ Մնում է, որ մայրաքաղաքի սրտում անճոռնի ու անճաշակ բարձրահարկեր չկառուցեն, այլ քաղաքային հարմարավետ միջավայր ստեղծեն»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերականգնվող արևային էներգետիկայի զարգացումը խրախուսվում է ամբողջ աշխարհում, իսկ հիմա՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, առավել ևս՝ Եվրոպայում: Կան տեղեկություններ, որ էներգետիկ անվտանգության նկատառումներով շուտով գործարկվելու է մեգանախագիծ, որի արդյունքում 8 տարի հետո նախատեսվում է եվրոպացիների բնակարանների և տների առնվազն 50 տոկոսն ապահովել արևային էներգիայով: Մասնագետների համոզմամբ, Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, և տարեցտարի մեզ մոտ ավելի ու ավելի են կարևորում վերականգնվող էներգետիկան: Էներգետիկ փորձագետները մեզ հետ զրույցում նշում էին, որ Հայաստանում գնալով ավելի ու ավելի է շատանում արևային վահանակների պահանջարկը, քանի որ մարդիկ արդեն համոզվում են դրանց արդյունավետության մեջ: Բանն այն է, որ ճիշտ հաշվարկ իրականացնելու դեպքում հետգնումը բավականին արագ է ստացվում՝ 4-5 տարվա ընթացքում, ինչից հետո ևս 20 տարի մարդիկ անվճար էլեկտրաէներգիա են ունենում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր ծրագիր է կյանքի կոչվելու, որը նախատեսում է 100-ից ավելի բազմաբնակարան շենքերի վրա արևային կայանների տեղադրում՝ շենքերի արտաքին և ներքին լուսավորության, ինչպես նաև՝ վերելակների կարիքների համար: Բնակարանների համար, մեր տեղեկություններով, դեռ ծրագրեր չկան, սակայն չեն բացառվում նաև այդ ուղղությամբ աշխատանքները: Ի դեպ, հավելենք, որ Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը «Սոլարոնն» է»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատն այս տարվա փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը հաշվեքննություն է իրականացրել ոստիկանությունում եւ որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել: Ուշագրավն այն է, որ ՀՀ ոստիկանության կողմից հավաքագրվել է 11 մլրդ 548 մլն դրամով ավելի եկամուտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամուտի ավելացումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ու անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից մատուցված ծառայություններից ու երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գերակատարումներով, նաեւ՝ պետական պահպանություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հավաքագրված եկամուտով: Բացի այս, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանման ընտրված աշխատողներին վճարվել է նախատեսվածից ավել աշխատավարձ: Ըստ Պալատի՝ «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են չպատվիրված ծառայություններ, իսկ ՀՀ ոստիկանությունը դրանց դիմաց կատարել է վճարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում 2021 թվականի համար ճանապարհային գծանշումների ձեռք բերման համար պետական բյուջեից նախատեսվել է 475 մլն դրամ, եւ ոստիկանությունը 2020 թվականի դեկտեմբերին հրատապ բաց մրցույթ է հայտարարել, ինչին մասնակցել է երեք ընկերություն, որից մեկը պետական գրանցում ստացել է հենց 2020-ի դեկտեմբերի 24-ին: Իհարկե, հաղթող ճանաչվել է նվազագույն գին առաջարկած ընկերությունը, սակայն մի քանի շաբաթ անց՝ 2021-ի հունվարի 14-ին մրցույթին մասնակցած մեկ ընկերության տնօրենը ստանձնել է մյուս մասնակից կազմակերպության տնօրենի պաշտոնը»: