Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։ «Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումն է։ Զորակցության և սփոփանքի խոսք եմ հղում Ձեզ և Լիբանանի եղբայր ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում, հայտնում են նախագահի մամլո ծառայությունից: Հիշեցնենք, որ երկու մահապարտ-ահաբեկիչ գործի են դրել պայթուցիկներ Բեյրութ քաղաքի արվարձանի բանուկ փողոցներից մեկում՝ յոթ րոպե տարբերությամբ: Ավելի քան 40 մարդ զոհվել է, 180-ը հոսպիտալացվել են հիվանդանոցները, նրանք գտնվում են ծանր վիճակում: Կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը: