Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը հայտարարում է՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։ Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅ Դաշնակցությունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը: Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝ • Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,• Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ: ՀՅ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողով Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն