23.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպեն
13.03.2021
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպում կունենա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին ու Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին շաբաթ օրը հրավիրել էր հանդիպման: Ոչ բոլորն էին ընդունել հրավերը: Նախօրեին նախագահի առողջական վիճակը վատթարացավ, իսկ ավելի ուշ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի: Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»: