18.07.2025
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
04.04.2022
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ: