Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի նոր արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցիենի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն և դեսպանատան առևտրի և տնտեսական հարցերով խորհրդական Չաո Չուանը, հայտնում է 1tv.ge—ն/ Հանդիպմանը կողմերը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր։ Ֆինանսների նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Վրաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը քննարկվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության դրամաշնորհային և տեխնիկական աջակցությամբ երկրում իրականացված և իրականացվող ծրագրերը։ Հանդիպմանը նշվել են այն նախագծերը, որոնք Չինաստանի կառավարության աջակցությամբ իրականացնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Հանդիպմանն ընդգծվել է այն փաստը, որ այս տարի լրանում է Վրաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կողմերը հույս են հայտնել, որ գործընկերության այս պատմությունը հաջողությամբ կշարունակվի ապագայում։