ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` փոխադարձաբար ընդգծելով տնտեսական, ներդրումային, զբոսաշրջային և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման հրամայականը: Երկուստեք կարևորվել է ռեզիդենտ դեսպանությունների գործունեությունը երկկողմ օրակարգի զարգացման գործում և պայմանավորվածություն ձեռք բերվել կրկնապատկել ջանքերը՝ էլ ավելի ընդլայնելու հարաբերությունների հարուստ օրակարգը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում: Նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստի վերջնականացման ողջունումը, ինչպես նաև բարձր է գնահատել Կատարի բարձրագույն ղեկավարության կողմից ՀՀ կառավարության որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ համագործակցության խորացման ուղիների վերաբերյալ: Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: