8.07.2025
Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է. Վահե Հովհաննիսյան
31.08.2023
Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է. Վահե Հովհաննիսյան

Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել.այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: "Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։ Բայց հարցն ունի այլ շերտեր։ Որպեսզի մենք ունենանք արդյունք, պետք է ճիշտ ձևակերպել, պայմանական ասած, արդեն սեպտեմբերի 3-ի մեր անելիքը։ Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Ն. Փաշինյանը չէ։ Ըստ այդմ. 1.     Ոչնիկոլական Հայաստանը ձգտում է խելամիտ լուծումների, կայուն խաղաղության։ Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացմանը։ 2.     Ոչնիկոլական Հայաստանը բարձր է գնահատում միջնորդների ջանքերն ու նաև փաստում է, որ դրանք դեռևս չեն տալիս արդյունք, հետևաբար պետք է փոխվի բանակցային նարատիվը։ 3.     Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի «նոր հարթակը»։ Դա չի նշանակում լուսնից իջած ինչ-որ նոր մարդիկ։ Դա նշանակում է իրական ասելիք, իրական պայքարողներ, իրական գրագիտություն, տարբեր միջավայրերում իրական հեղինակություն ունեցող անվանացանկ՝ բոլոր սերունդների ներկայացուցիչներով, և որոշումների կայացման նոր մեխանիզմներ։ Հին, մաշված  ճանապարհով՝ բարձր գոռացողների, սեզոնային լռողների, շատ փող կամ պատվո կոչումներ ունեցողների «ձայնի իրավունքով» ,ոչ մի լավ բան դուրս չի գա։ Նախկին հարթակներից պետք է վերցնել միայն լավը, գումարել նոր դեմքեր՝ պայքարով ու սկզբունքներով վաստակած։ 4.     Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի նոր ասելիքը։ Հստակ ձևակերպումների, հստակ դրվող խնդիրների կարիք կա՝ այնպիսիք, որոնք հասկանալի և ընդունելի կլինեն լայն հանրության և բոլոր ընտրազանգվածների համար։ Դրանք հետևյալ ձևակերպումներն են. n   Ա. թույլ չտալ պատերազմ (նիկոլական այս ընթացքը տանում է պատերազմի) n  Բ. թույլ չտալ հայրենազրկում (նիկոլական այս ընթացքը տանում է հայրենազրկման)։  Այս պարզ գաղափարներով  սկսել ներհանրային երկխոսությունը։ Մնացած բազմաթիվ հարցերը՝ պրոցեսի ընթացքում։ 5.     Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը պետք է հստակ անդրադառնա Երևանի  ընտրություններին։ Չանել դա` նշանակում է օտարվել իրականությունից։ Հանրահավաքը պետք է տա հստակ ուղերձ. Մասնակցել, գնալ ընտրության՝ մերժել ՔՊ-ին։ Քվեարկել Նիկոլի ուժին՝ նշանակում է Երևանի դռները բացել հակառակորդի առաջ։ Սա է ճիշտ  մթնլորտի ձևավորման ճանապարհը։ Ընդ որում ոչ թե անհատապես մերժել Ավինյանին, այլ՝ այն ուժին, որով նա մասնակցում է։ Սա թեկնածուների միջև ընտրություն չէ, սա պետության ապագայի ընտրությունն է։ 6.     Սեպտեմբերի 2-ին` օրվա առաջին կեսին, տեղի է ունենալու նաև մեկ այլ կարևոր ակցիա Արցախի ներկայացուցչության դիմաց։ Պետք է թեկուզ 10 րոպեով, թեկուզ մեր լուռ, բայց կարևոր  ներկայությամբ լինենք այնտեղ՝ փաստելու Արցախի անկախությունը, և փաստելու համատեղ պայքարը Արցախի մեր հայրենակիցների հետ։ Սա շատ կարևոր է։ 7.     Հասնել այն մթնոլորտին, որ սեպտեմբերի 3-ից սկսած՝ նախորդ օրվա ուղերձների մասին այլևս չդադարող «հանրահավաքներ» լինեն մարդկանց տներում, բակերում, հիմնարկներում, տրանսպորտում՝ ամենուր։Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ահռելի ծավալի իրական գործ կա անելու։ Ազգային մեքենան պետք է վերջապես լծվի աշխատանքի։ Ցանկացած գաղափար լավ է, երբ գործի է դրվում",- գրել է Հովհաննիսյանը։