Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց , որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։ «Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը»,-նշեց Ամատունին: