Նախօրեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։ Այս մասին հայտնում է Ազատ գյուղու հրդեհից զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։"Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, ով դեպքի հաջորդ օրը՝ ս.թ. հունվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ տառացիորեն հայտնել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ հարցեր են բարձրացրել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։ Առաջիկա օրերի ընթացքում այս գործի վերաբերյալ հանդես կգամ առավել ծավալուն տեղեկատվությամբ․․․",- գրել է Նորիկյանը: