Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի գյուղացիներին, ովքեր տուժել են մայիսյան հեղեղումներից: Օգոստոսի 15-ի նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն, պետությունը կտրամադրի շուրջ 150 միլիոն դրամի փոխհատուցում: Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլի նպատակն է մեղմել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների կրած վնասները և նպաստել նրանց ֆինանսական կայունությանը: Փոխհատուցումը կտրամադրվի անկած կամ կորած գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի և ցանքատարածությունների դիմաց: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում առաջացել էին լուրջ հեղեղումներ: Աղետը հսկայական նյութական վնաս է հասցրել տարածաշրջանին՝ առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ: Ցավոք, հեղեղումների պատճառով զոհվել է 4 մարդ: Կառավարությունը նույն նիստի ժամանակ մեկ այլ որոշմամբ 300 մլն դրամ է հատկացնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին: