Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը այս շաբաթ կայցելի Վրաստան, ինչպես նաև կմասնակցի Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդի նիստում: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի գրասենյակը: Աթամբաևը պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի չորեքշաբթի օրը, որից հետո կմեկնի Երևան: Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում նախագահների մակարդակով անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդի նիստում կհրապարակվի, թե ով է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային: Վերջինս տեղեկացրել էր, որ թեկնածուն Հայաստանի ներկայացուցիչ է: Այս պահի դրությամբ շրջանառվում է երկու հավանական թեկնածուների՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի և Վաղարշակ Հարությունյանի անունները: