Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում նկատում է, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ նախագահ նշանակելու հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է դեռ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, բայց նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է միայն այսօր երեկոյան։ Վարդան Հարությունյանը տնտեսագիտության թեկնածու է, մի շարք պաշտոններ է վարել «ՀայՌուսգազարդ»-ում,2014-ից առ այսօր հանդիսացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, ընկերության Տնօրենների Խորհրդի և վարչության անդամ, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: