28.11.2024
Նախարար. Հայաստանը չի հրաժարվել խաղաղությունից՝  տարածաշրջանն այլ ապագա չունի
21.04.2017
Նախարար. Հայաստանը չի հրաժարվել խաղաղությունից՝ տարածաշրջանն այլ ապագա չունի

Մենք չենք հրաժարվում խաղաղությունից, մենք խաղաղության մեծագույն ջատագովներից են, քանի որ մեր տարածաշրջանն այլ ապագա չունի: «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որևէ ձևով չեն ավելացնում բանակում ծառայողների թիվը: Այս մասին լրագրողների հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, այն մտավախությունները, թե ծրագրերը միտված են զինծայառողների թվի  ավելացմանը և Հայաստանը գնում է ռազմականացման ուղղությամբ՝ հրաժարվելով խաղաղությունից, իրականությանը չեն համապատասխանում, քանզի պարզապես նույն զորակոչային տարիքի ծառայողներին այլընտրանքներ են առաջարկվում. «Մենք չենք պատրաստվում փոխել այսօր գործող մոդելը, պարզապես մարդուն ընտրության հնարավորություն ենք տալիս: Գտնու ենք, որ Զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության աճը կապված է նաև նրանով, որ քաղաքացին ինքը կարողանա որոշում կայացնի իր ծառայության հետ կապված»,- ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանը վստահեցրեց՝ իրավունքի փոփոխություն կամ բեռի ավելացում այս երկու ծրագրերը չեն ենթադրում, ուղղակի զորակոչային ռեսուրսներն ավելի արդյունավետ կկառավարվեն:  Նշենք, նախօրեին ՊՆ-ն ներկայացրեց երկու ծրագիր, որոնք քննարկման փուլում են: «Պատիվ ունեմ» ծրագրի հիմքում է հայկական բանակը բանիմաց և հմուտ սպայակազմով համալրելու նպատակը: «Ես եմ» ծրագիրը ենթադրում է, որ ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրից մեկում` 1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր), 2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), 3. ուսման վարձի փոխհատուցում: