Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին: Ամերիկացի համանախագահն այսօր հանդիպել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումնը եւս քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: "Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր", - Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը: «Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Էնդրյու Շոֆերը: