5.12.2025
Փաշինյանի դոկտրինը. Արցախի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիա
09.04.2019
Փաշինյանի դոկտրինը. Արցախի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիա

Հայաստանը չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը նման քայլի գնա, ապա Հայաստանը նրան պարտադրելու է խաղաղություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյան-Տոնոյան տանդեմն այս օրերին կոշտացրել է ռազմական հռետորաբանությունն ու հստակ մեսիջ ուղարկել Ադրբեջանին ու նրա ռազմա-քաղաքական ղեկավարությանը՝ ՀՀ-ն ու Արցախը չեն ցանկանում պատերազմ, սակայն դա չի նշանակում, որ Երևանն ու Ստեփանակերտը պատրաստ չեն կամ վախենում են պատերազմից: Ադրբեջանի ՊՆ-ն ու քաղաքական իսթեբլիշմենթը վերջերս կրկին անգամ հայտարարել են, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է ցանկացած պահի սկսել ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ադրբեջանական բանակը շարունակում է զորավարժություններ անկացնել, գնել նոր զինատեսակներ, ինչպես նաև ընդլայնել ռազմական կապերը Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի հետ, այսօր էլ ռազմական համագործակցության հուշագիր ստորագրվեց Սաուդյան Արաբիայի հետ: Ինչ վերաբերում է հայկական կողմերին, ապա ՀՀ-ն ու Արցախը շարունակում են ամրապնդել առաջնագիծն ու փորձում ամրապնդել նաև թիկունքը: Այդ համատեքստում կարելի է դիտարկել նաև Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Դա մեսիջ է թե’ Մոսկվային, որ հայ-ռուսական ռազմական դաշինքին ոչինչ չի սպառնում, թե’ նաև Բաքվին ու Անկարային: ՌԴ-ի ռազմաբազան նպաստում է ՀՀ-ի ազգային անվտանգության ապահովմանն ու ապահովագրում է ՀՀ-ի արևմտյան սահմանն ու թիկունքը Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի պարագայում: Դրան զուգահեռ ԵԿՄ նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը, ով պատերազմի վետերան է և հարգանք է վայելում ազատամարտիկների շրջանում, ինչպես նաև Փաշինյանի թիմի անդամ է, ինչը ենթադրում է պետության կողմից ավելի մեծ ուշադրության և ռեսուրսների տրամադրում ԵԿՄ-ին: ԵԿՄ-ն, ինչպես հայտնի է, պատրաստված ռեզերվիստների կուռ կոլեկտիվ է՝ պատերազմով անցած ջոկատների միավորում, որն օպերատիվ ռեզերվի դերակատարում կարող է կատարել ու ուղղվել Արցախի առաջնագիծ ու հայ-ադրբեջանական սահման՝ Նախիջևանի ուղղություն, Տավուշ և այլն: Փաշինյանի հայտարարության մեջ նկատվում է ևս մեկ մեսիջ՝ Արցախի դեմ նոր պատերազմի դեպքում հայկական ուժերն Ադրբեջանին պարտադրելու են կապիտուլյացիա և ոչ թե ժամանակավոր հրադադար: Խաղաղության պարտադրումն ենթադրում է ադրբեջանական բանակի ջախջախում ու խաղաղության համաձայնագրի կնքում: