ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նաև գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Տիգրան Ավինյանն ու Արչիլ Թալակվաձեն ընդգծել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքին և խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցությանը։ Կարևորվել է նաև վիրահայ համայնքի դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել սերտացման գործում։ Վրացական կողմի խնդրանքով Ավինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունները և կառավարման համակարգի բարեփոխումները։