Դատարանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի վերադարձնելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նարեկ Մալյանը՝ գրառումը վերնագրելով «սկանդալ». «Դատարանը որոշել է արդարադատության նախարարի իմ դեմ ներկայացրած հայցը հետ վերադարձնել: Սորոսականների սիրելի հզոր իրավաբան Ռուստամ Բադասյանի հայցը դատարանը որոշեց վարույթ չընդունել, որովհետև (բռնվեք) արդարադատության նախարարի հայցը թերի էր.... Հիշեցնեմ, որ թերի հայց ներկայացրած մարդը այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից»,- գրել է Մալյանը: VERELQ-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։ Նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել դեկտեմբերի 30-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։