17.07.2025
Մենք կարող ենք Նախիջևանի տարածքով Իրանի հետ վերականգնել երկաթուղային կապը. Ռուբինյան
11.01.2021
Մենք կարող ենք Նախիջևանի տարածքով Իրանի հետ վերականգնել երկաթուղային կապը. Ռուբինյան

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հայկական կողմի համար շահավետ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն է, վստահ է իշխող դաշինքից խորհրդարանի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Դրա իրականացման դեպքում մենք հնարավորություն կունենանք Նախիջևանի տարածքով վերականգնել Իրանի հետ երկաթուղային կապը։ Բացի այդ, մենք հնարավորություն կունենանք վերականգնել երկաթուղային և ոչ միայն ՌԴ-ի հետ կապն Ադրբեջանի տարածքով։ Հայտնի է, որ Վրաստանի տարածքով գործող ճանապարհը երբեմն փակվում է եղանակային պայմանների պատճառով», - հայտարարել է պատգամավորը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն տնտեսական եւ կոմունիկացիոն ասպեկտները, որոնք բխում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Ռուբինյանը միաժամանակ հավաստիացրել է, որ անհնար է հայկական կողմի կողմից ինքնիշխանության զիջումն այն ճանապարհի նկատմամբ, որը կկապի Նախիջևանը և Ադրբեջանի մնացած տարածքը Հայաստանի տարածքով: VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները: Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին: Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցներն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչդեռ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժքւմը» հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստանի և Արցախի շահերի դեմ ցանկացած որոշում կճանաչվի ոչ լեգիտիմ և կմերժվի հայ ժողովրդի կողմից, ինչպես նաև չեղյալ կհայտարարվի իշխանափոխությունից հետո։