Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Ազգային ժողովում է: Նախարարը, սակայն, լրագրողների որևէ հարցի չպատասխանեց՝ հորդորելով դիմել ՊՆ հասարակայնության բաժնին: Իսկ հարցերը, բնականաբար, շատ էին, սկսած այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, որ ՊԲ-ն կազմալուծվելու է, այդ դեպքում ո՞վ է պահելու Արցախի և Հայաստանի պետական սահմանները, ի՞նչ նորություն կա հայ գերիների վերադարձի գործընթացից, ինչո՞ւ է ՊՆ-ն շատ հարցերի դեպքում լռում ու չի մեկնաբանում և այլն: VERELQ-ի թղթակիցը հայտնում է, որ նախարարը այս րոպեներին ԱԺ "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ քննարկման է: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով նախարարի որևէ հարցին չպատասխանելուն, Facebook-ի իր էջում գրել է. "Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հրաժարվեց արձագանքել լրագրողի այն հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում իշխանությունը ներկայացնող պատգամավորի՝ 30 տարի է բանակ չունենք արտահայտությանը։Նշանակվելուց ի վեր, նախարարը չի արձագանքել Զինված ուժերը հարվածի տակ դնող, վարկաբեկող որևէ հայտարարության կամ գործընթացի։ Պարզ ասած, այն ինչ տեսնում ենք զինված ուժերի դեմ, պետական քաղաքականության արդյունք է",- Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։