ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ավելի քան 31 միլիոն դրամ գումար դուրս գրել բյուջեից՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար։ Չզեկուցվող հարցի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց ֆինանսավորման ապահովմամբ: "2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականը: Այս ընթացքում նույնականացվել է բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում ունեցել ենք անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնության պարզում։ ՀՀ քննչական կոմիտեի, անհատ կորածների միջազգային հանձնաժողովի և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից: Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Վերջինիս համար անհրաժեշտ է 75,000 ԱՄՆ դոլար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 31,125,000 ՀՀ դրամ": Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշների ԴՆԹ նույնականացման իրականացում։