25.11.2024
Օտարում, մասնավորեցում. երկրում ավելի քան 27.000 նման գույք կա
03.09.2024
Օտարում, մասնավորեցում. երկրում ավելի քան 27.000 նման գույք կա

Մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով, այս պահի դրությամբ գոնե որոշակիորեն կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը՝ նախեւառաջ հանրությանը հասանելի դարձնելու եղանակով: Այսինքն՝ քաղաքացին չպետք է մամուլից տեղեկանա, որ իր բակում գտնվող մանկապարտեզը, դպրոցը կամ սպորտդպրոցն օտարվում է եւ տեղում կառուցվելու է մեկ այլ քաղաքացու առանձնատուն կամ բիզնես կենտրոն: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության եւ հասարակության համար մշակութային, պատմական, գեղարվեստական, գեղագիտական կամ այլ արժեքավոր նշանակություն ունեցող որոշ խումբ գույքերի՝ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի նվազեցումը: Սիսակ Գաբրիելյանի խոսքով հատկապես վերջին շրջանում մամուլի հրապարակումներից հայտնի է դառնում, որ այս կամ այն հանրային նշանակություն ունեցող գույքերը՝ մարզադաշտեր, նախկինում պետական այլ կառույցներ, անկախացումից՝ 1991 թվականից հետո, այս կամ այն օրինական կամ անօրինական ճանապարհով անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ: Դրանց ավելի քան 80 տոկոսն արդեն օտարվել է, փոխարենը կառուցվել են այլ շենք-շինություններ կամ էլ գտնվում են անմխիթար վիճակում: «Ունենք նախնական տեղեկություններ, որ որոշ դեպքերում այդ գույքերը նույնպես գնում են մասնավորեցման եւ օտարման»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորի տեղեկացմամբ երկրում նման ավելի քան 27.000 գույք կա, որոնք իրավաբանական կամ հասարակական կազմակերպությունների կողմից մասնավորեցվել են: Նշվել է, որ բոլոր դեպքերով իրականացվում են ուսումնասիրություններ: Ընդհուպ մինչեւ 1947 թվականի փաստաթղթերն են ուսումնասիրվում, եւ երբ առաջանում է կասկած, որ պետության սեփականությունը ոչ իրավաչափ եղանակով է անցել իրավաբանական անձանց, ապա գրավոր դիմում է ներկայացվում Գլխավոր դատախազությանը, որն ուսումնասիրելուց հետո եւ հիմքերի առկայության դեպքում հայցեր է ներկայացնում դատարաններ: Վերջնական նպատակը գույքերի վերադարձն է պետությանը: Գլխավոր դատախազությունն այս պահին արդեն 2-3 դեպքերով հայցեր է ներկայացրել դատարաններ, որպեսզի այդ գույքերը կրկին անցնեն ՀՀ սեփականությանը: Տարընթերցումներից խուսափելու նպատակով Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու եւ այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում: Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով, որ նախագիծը որոշ լրամշակումների կարիք ունի: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: