25.11.2024
Լուսանկարը՝ mfa.am
02.09.2024
Արարատ Միրզոյանը և Նիկոլոզ Սամխարաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր մակարդակներում սերտ համագործակցության շարունակական ընդլայնման կարևորությունը, որն իր արտացոլումն է ստանում ընթացիկ տարում հայտարարված ռազմավարական գործընկերության օրակարգում: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ այդ հանգրվանն արձանագրում է արդեն իսկ ձևավորված ամուր գործընկերությունը, բայց նաև նոր նախաձեռնությունների, տարբեր ուղղություններով համագործակցության նոր հնարավորություններ է տալիս: Երկկողմ օրակարգի ընդլայնման հարցում զրուցակիցները կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ թե՛ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական բարեկամական խմբերի ներգրավածությամբ: Արարատ Միրզոյանը և Նիկոլոզ Սամխարաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ձևավորված տեսլականին՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա և արտացոլված «Խաղաղության խաչմերում» ծրագրում: Նախարար Միրզոյանը հավելել է. «Մենք հիրավի գտնվում ենք կարևոր խաչմերուկում, և տարածաշրջանային ծրագրերի ներառական կյանքի կոչումը շահեկան է թե՛ տնտեսական զարգացման, թե՛ կայունության ապահովման համատեքստում»: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով դրա կնքման կարևորությունը, այդ թվում՝ նաև տարածաշրջանային համատեքստում: