6.08.2025
Խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն են. Սիմոնյան
16.02.2023
Խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն են. Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է: Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի դերը՝ հույս հայտնելով, որ Լատվիայի խորհրդարանը շուտով կնշանակի ՀՀ խորհրդարանի հետ համագործակցության խթանման խմբի նոր ղեկավար: Խոսելով Հայաստանի ու Արցախի մարտահրավերներից՝ անդրադարձ է եղել ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի իրավունքներին: «Տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն են: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ բոլոր միջազգային գործընկերներին պարբերաբար կոչ է արվում հստակորեն անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին՝ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության: