5.11.2026
Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել. Բլինքեն
05.04.2024
Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել. Բլինքեն

Բրյուսելում ընթացող եռակողմ ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընկերության համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի և շատ ամուր հիմք է ստեղծում նաև նրա համար, ինչ կարող է համատեղ ուժերով արվել ապագայում: «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանին: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ, իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող՝ տարածաշրջանի և աշխարհի հետ կապվածությամբ: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են գործընկեր դառնալ այս հարցում. կարծում եմ, որ այս օրը այդ ամենի վկայությունն է»,- հայտարարել է Բլինքենը՝ հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրության այս պահը։ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի ջանքերին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին։ «Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։ Այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ Մենք մտադիր ենք հետագայում ևս մեծացնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ»,- ընդգծել է Բլինքենը: