Օրվա հրամայականը՝ կանխել վարչախմբի կողմից հնարավոր սահմանադրական հեղաշրջումը. այս մասին հայտարարությամբ հանդես են եկել «ՀայաՔվե» նախաձեռնությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Հայրենիքի Վահան» ՀԿ-ն,«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնությունը:"Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանում հասունանում է սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին արդեն անթաքույց հայտարարում են գործող վարչախմբի ղեկավարը և նրա կամակատարները։ Սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։«Նոր սահմանադրության» ընդունման նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության ազգային անժամկետ նպատակները, մասնավորապես՝ ազգային հզոր պետության կառուցումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Հայաստանի և Արցախի վերամիավորումը։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով։ Փաստացի մեր թշնամիների անմիջական հրահանգով նրանք ցանկանում են ժողովրդի ձեռքով հաստատել հակասահմանադրական կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը։ Այս հրեշավոր գործողությամբ փորձ է արվում զրկելու հայությանն իր պատմական իրավունքներից, մշակութային և պատմական ժառանգությունից, վերացնելու հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը։ Մենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնության մասնակիցներս և համախոհներս, հետևողականորեն պայքարել ենք Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված ազգային նպատակներն իրականություն դարձնելու համար և այժմ վճռական պատասխանատվություն ենք ստանձնում՝ պայքարելու այս հակազգային ու պետականակործան գործընթացի դեմ․ կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին և հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին միանալու այս պայքարին և թույլ չտալու հայկական անկախ պետականության կազմալուծումը",- ասված է հայտարարության մեջ։