ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ առաջընթաց կա կողմերի միջև խաղաղության գործընթացում Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի տարածաշրջանային այցի արդյունքներով: «Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է։ Համակարգող Լուիս Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն աշխատել այս հարցով», - ասել է նա։