Փետրվարի երկրորդ կեսից Երևանում մեկնարկել են կանաչապատման աշխատանքները, և առաջին անգամ ձմեռային շրջանում իրականացվել է մշտադալար ծառատեսակների տնկում։ Ինչպես տեղեկացրեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, քաղաքում տնկվել են 250 հասուն մշտադալար ծառեր, հիմնականում՝ սոճիներ և եղևնիներ։ Երևանի ավագանու նիստի ժամանակ մարտի 24-ին նա հայտնեց, որ բացի այդ, մարտի 10-ից Երևանում մեկնարկել են ծառերի սանիտարական էտի աշխատանքները, որոնք ներառում են նաև ավտոբուսային երթուղիներին խանգարող ծառերի էտը։ Աշխատանքները նախատեսված են 300 բակում, 19 այգում, ինչպես նաև 18 փողոցում և պողոտայում։ Բեգոյանը նշել է, որ էտի աշխատանքները պետք է ավարտվեն ապրիլի 10-ին, սակայն կտրուկ տաքացման պայմաններում Երևանի հարավային հատվածում դրանք կարող են ավարտվել արդեն ապրիլի 1-ին: