Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստին տեղի է ունեցել սուր բանավեճ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է վերականգնել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը: Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձել է՝ նշելով, որ այդ ձևաչափը ոչ թե վերականգնման, այլ չեղարկման կարիք ունի: «Երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր: Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկն այլևս չունի», - հայտարարել է Սիմոնյանը: Նա նաև նշել է, որ Արցախի Հանրապետությունն «ինքն իրեն լուծարել է՝ Արցախի պաշտոնյաների որոշմամբ»: Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձել է՝ պնդելով, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրված լուծարման հրամանագիրը նպատակ է ունեցել «կանխել ջարդը», սակայն այն չի հրապարակվել: Ի պատասխան, Ալեն Սիմոնյանը կոչ է արել ընդդիմությանն ավելի հստակ ձևակերպել իրավական փաստաթղթերը՝ նշելով դրանց գործողության ժամկետները և տարածքային սահմանափակումները: Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որի արդյունքում Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ: ՌԴ խաղաղապահների միջամտությամբ դադարեցին ռազմական գործողությունները, հաստատվեց հրադադար: Սեպտեմբերի 28-ին հայտարարվեց Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին: