ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել Արդարադատության նախարար, իր մտերիմ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- գրել է նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին: Այս քայլը նա կատարել է մի խումբ ՔՊ-ական պատգամավորների կողմից իր հրաժարականի պահանջով նախաձեռնված ստորագրահավաքի ֆոնին: