ՀՀ ԱԳՆ-ն կոնկրետ ժամկետներ չի հրապարակում, թե երբ կկայանա Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հաջորդ հանդիպումը: Չի հրապարակում նաև, թե երբ կկայանա Հայաստանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջոդ հանդիպումը: «Վստահեցնում եմ, որ այդպիսի հանդիպումները շարունակական են լինելու»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա հիշեցրեց, որ Էլմար Մամեդյարովի հետ վերջին հանդիպումը կայացել է երկու ամիս առաջ, ինչ մինչ այդ հանդիպել են ապրիլին, մարտին, ինչպես նաև հունվարին. «Նախատեսվում է սրա շարունակությունը: Մենք երբևէ այդ դինամիկայի առումով սպասեցնել չենք տվել, և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Համբերությամբ զինվեք՝ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ հանդիպման ժամն ու օրը համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ: Միայն կարող եմ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է»,- ասաց նա: