Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները, որոնք այսօր եկել են դատարան աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նրա դեմ քրեական հետապնդումը համարում են շինծու և կապում են Արցախյան կարգավորման գործընթացում բացասական զարգացումների հետ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը VERELQ-ի հետ զրույցում ասաց, որ գործը ծայրից ծայր շինծու է և այլևս կասկածից վեր է, որ չեն կարող պատահական լինել նման համընկնումներ. «Ընթանում է Հայաստանի երկու նախագահների, Արցախի հերոսների նկատմամբ դատական գործընթաց, իսկ մյուս կողմից սեղմվում է օղակը Արցախի հիմնախնդրի շուրջ: Սա իրականացնում է ինչ-որ մի անտեսանելի ձեռք և այս գործընթացները միմյանց հետ փոխկապակցված են»,- ասաց Աշոտյանը՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչի մասին է ակնարկում: Իր հերթին, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ասաց, որ ևս գործընթացը համարում է շինծու ու կապում այն Արցախի հիմնահարցի հետ. «Արցախյան գործընթացում վերակենդանանում են 90-ականներից մոռացված ադրբեջանական համայնք հասկացությունը, որը չի կարող պատերազմից բացի որևէ այլ բանի բերել: Ես ևս կարծում եմ, որ նախագահների դեմ քրեական հետապնդումներն ու Արցախյան գործընթացում տեղի ունեցող զարգացումներն միմյանց հետ կապ ունեն»,- ասաց նա՝ ևս հրաժարվելով մանրամասնել ասածը: VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։ Իրենց աջակցությունը նախկին նախագահին հայտնելու այստեղ են եկել մի շարք ՀՀԿ-ականներ՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և այլք։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Գործով անցնում է նաև Սերժ Սարգսյանի մերձավոր համարվող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ ընկերության նախագահը։