ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը: Այդ մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: «Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը, հայտնում է Արմենպրեսը: Պատգամավորը նշեց, որ թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո: ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, կառավարության կողմից առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվել է Երվանդ Խուդկարյանի թեկնածությունը: