25.11.2024
Երկրաշարժ Շորժաից 5 կմ հյուսիս-արևելք. Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
prev Նախորդ նորություն

Ավինյանը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են «Պարսից ծոց - Սև ծով» միջանցքը

Փետրվարի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:


Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն առանձնանում են դարավոր բարեկամությամբ՝ հիմնված փոխվստահության ու փոխադարձ հարգանքի վրա: Կողմերը համակարծիք էին, որ հայ-իրանական համագործակցությունն ունի ընդգրկուն օրակարգ, որը պետք է քայլ առ քայլ կյանքի կոչել այն:


Կայունությունը, խաղաղությունն ու կայուն զարգացումը դիտելով Հայաստանի և Իրանի ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա՝ որպես Հայաստանի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիր:


Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Դեսպան Զոհուրին կարևորել է համատեղ ջանքերը, որպեսզի տնտեսական հարաբերություններում առկա ներուժն առավելագույնս օգտագործվի:


Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համատեքստում Տիգրան Ավինյանն ընդգծել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ու «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացումը: Փոխվարչապետը նշել է նաև, որ համագործակցության ռազմավարական հիմնական ուղղություններից է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ կարևորելով համաձայնագրի ժամկետները երկարացնելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները:


Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր:


Փոխվարչապետը խոսել է նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, այդ թվում՝ Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար տարածաշրջանային հեռահաղորդակցության նախագծի շրջանակներում: