Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսային հիվանդությունից երկու մահվան մասին: «Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց... Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- հավելել է նա։ VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 19:30-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացածներից ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ Մարտի 28-ի երեկոյան դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 407, որից 30-ը՝ առողջացած: Գրանցվել է երեք մահվան դեպք: Հայաստանում մարտի 14-ից 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն: