Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։ Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթ համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրման կարևորությունը: Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքի վերանորոգմանը ԵՄ աջակցության համար, հույս հայտնել, որ այս ուղղությամբ գործակցությունը կլինի շարունակական: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձ է կատարել վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսությանը: Կողմերն արձանագրել են այս ուղղությամբ նախատեսվող գործողությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ԵՄ բյուջետային աջակցությանը, ինչպես նաև Էլեկտրոնային արդարադատության «e-justice» միասնական համակարգի մշակման աշխատանքներին: Գրիգոր Մինասյանն ու Վասիլիս Մարագոսը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխման համատեքստում: