Հայ–հունական հարաբերություններ՝ նոր շեշտադրումներով
Ֆոտո. armenpress.am
Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքակրթական ու մշակութային խոր կապերը շարունակում են ձևավորել երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը․ այս մասին Աթենքում Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ առանձնազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը փետրվարի 17-ին պետական այցով ժամանել է Հունաստան։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, ՀՀ նախագահը նշել է, որ վերջին տարիներին հայ-հունական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և կրթական։ Նրա խոսքով՝ թեև նախորդ տարիները Հայաստանի համար բարդ էին, իշխանություններին հաջողվել է հաղթահարել մարտահրավերները՝ այդ թվում նաև բարեկամ երկրների աջակցության շնորհիվ։
Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի ձգտումը՝ առավել մոտենալ եվրոպական արժեքներին և խորացնել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ։ Նա նաև անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին՝ ընդգծելով դրանից բխող հնարավորությունները և հատկապես Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Աթենքի աջակցությունը՝ Երևանի խաղաղության օրակարգին
Իր հերթին Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հայտարարել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը առաջ մղելու Հայաստանի ջանքերին։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։
Տասուլասը նաև ընդգծել է, որ Հունաստանը կշարունակի գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ամրապնդմանը՝ բարձր գնահատելով բարեփոխումների ուղղությամբ արձանագրված առաջընթացը և Հայաստանի եվրոպական ուղղվածությունը։
Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Հունաստանի նախագահին այցելել Հայաստան՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի փոխայցերը կարևոր դեր են խաղում երկկողմ գործընկերության հետագա խորացման գործում։