23.07.2026
Արմեն Սարգսյանն ու Նուրլան Նիգմատուլինը քննարկել են բազմակողմ հարաբերությունների օրակարգը
04.06.2021
Արմեն Սարգսյանն ու Նուրլան Նիգմատուլինը քննարկել են բազմակողմ հարաբերությունների օրակարգը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։ Նշելով, որ այս տարին Հայաստանի ու Ղազախստանի համար նշանակալի է այն առումով, որ լրանում են երկու պետությունների անկախության 30-ամյակները, Մաժիլիսի նախագահը կարևորել է արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների: Մաժիլիսի նախագահի խոսքով՝ նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-ղազախական բազմակողմ փոխգործակցության և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Նա հավաստիացրել է, որ ղազախ խորհրդարանականներն իրենց դերակատարումը կունենան այդ գործում: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ Ղազախստանի Մաժիլիսի խոսնակն առանձնացրել է հայ և ղազախ խորհրդարանականների սերտ համագործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ կառույցներում: Ընդգծելով, որ Ղազախստանը, որպես եվրասիականության շարժման հիմնադիրներից մեկը, Հայաստանի համար շատ մոտ գործընկեր է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ակտիվորեն ներգրավված է բոլոր հարցերում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ թեպետ քարտեզով Հայաստանն ու Ղազախստանը ֆիզիկապես շատ հեռու են իրարից, սակայն երկու երկրները շատ ընդհանրություններ և համատեղ ծրագրերի մեծ ներուժ ունեն: Հայաստանի նախագահը և Ղազախստանի Մաժիլիսի նախագահը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Նշելով, որ Հայաստանում այս ամիս տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր խորհրդարանն ու կառավարությունն իրենց ներդրումը կունենան հայ-ղազախական հարաբերությունների զարգացման մեջ: