Այսօր՝ մարտի 30-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է «Մարտի 1»-ի գործով դատական նիստը՝ մեղադրող կողմի բացակայության պատճառով: Դանիբեկյանը չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որը ենթադրում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում: Նրա խոսքով, քանի որ այսօրվա նիստին բացակայում էր մեղադրող կողմը, դատարանն անհնար համարեց քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը: Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 2-ին։ Մինչ այդ հրապարակվեց նաև մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիմումը. «Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատական ակտը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրության համապատասխանության խնդիր և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ, խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի 2021 ապրիլի 6-ին»: VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 26-ին ՍԴ-ն ընդունեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «սահմանադրական կարգը տապալելու» մեջ, չի համապատասխանում Սահմանադրությանը: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու համար: Հանրապետության նախկին ղեկավարին մեղսագրվում է նաեւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքները շինծու քաղաքական հետապնդում է համարում։