Մեկնարկել ենք "Թովմասյան" հիմնադրամի նախաձեռնած Հավերժության պուրակի կառուցման շինարարական աշխատանքները: Հավերժության պուրակում Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց նահատակված հերոսների համար անվանական մեկ պտղատու ծառ տնկել և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից: Հատակագծով նախատեսված պուրակը հավերժության խորհրդանիշի տեսք ունի, որը կունենա նաև Խաչքարերի պուրակ, կահավորված կլինի նստարաններով: "Այս այգու կառուցումը երախտագիտության նշան է, հայրենիքին կյանքը նվիրած անմահ հերոսների հանդեպ հարգանքի և ոգեկոչման ևս մեկ ձև: Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս տեսնում եմ շիրմաքարերի մոտ հեկեկացող մայրերին և հասկանում, թե որքան մենք պարտական ենք նրանց: Այս այգու կառուցումը նախաձեռնվել է այն մտայնությամբ, որ որդեկորույս մայրերը հնարավորություն ունենան մի ծառ տնկել և ամեն տարի ծաղկած տեսնեն իրենց որդու անվանական ծառը և գիտակցեն, որ իրենց հերոսի անունն անմահ է",- ասում է "Թովմասյան" հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը: Նրա խոսքով՝ մենք պետք է ամեն րոպե արժևորենք ու գնահատենք մեր անմահ հերոսների սխրանքը, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Հիշեցնենք, այգին հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհի հարակից վայրում՝ Տառերի պուրակի և Սուրբ Խաչի մոտ, որտեղ նաև Թովմասյանների ընտանիքը եկեղեցի է կառուցում: