Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուները եւ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության զենիթային ստորաբաժանումների հաշվարկները ՀՀ պաշտպանության նախարարության հերթապահ հերթափոխների զինծառայողների հետ համատեղ կատարել են ուսումնական խնդիրներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական ռազմակայանի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆեւը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի" -ն։ "Ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են օդային տարածքի խախտողներին նմանակող պայմանական օդային թիրախների հայտնաբերման եւ որսալու գործողությունները", - ասել է նա: ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները գործողություններ են կատարել օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելիս: Հերթապահ հերթափոխների ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են 50-ից մինչեւ 6 հազար մետր բարձրություններում՝ ճանաչման անջատված համակարգերով տարբեր արագությունների վրա: Վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՌՕ միավորման տեղակայման շրջանում տեղակայված օդային սահմանների եւ ստորաբաժանումների պաշտպանությանը: Զինծառայողները բարդ եղանակային պայմաններում կատարել են խնդիրներ՝ առատ տեղումներով, պոռթկուն քամիով, ինչպես նաեւ բարձրլեռնային տեղանքում ջերմաստիճանի տատանումներով: