16.01.2026
Ադրբեջանը փորձում է հայերին արտաքսել Լեռնային Ղարաբաղից. Փաշինյան
31.03.2022
Ադրբեջանը փորձում է հայերին արտաքսել Լեռնային Ղարաբաղից. Փաշինյան

Հայաստանը արձագանքել է Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներին թե՛ հանրային, թե՛ աշխատանքային դիվանագիտական ​​խողովակներով, վստահեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է երկու երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքը։ «Այս լույսի ներքո հարց է առաջանում, թե ինչու է Ադրբեջանը ձևացնում, թե Հայաստանից պատասխան չի ստացել։ Պատճառն այն է, որ Հայաստանն իր հրապարակային և դիվանագիտական ​​արձագանքներում նշել է, որ կա ԼՂ խնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը պետք է կարգավորել։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հակամարտություն չկա, այն արդեն լուծված է»,- պարզաբանել է Փաշինյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է ամբողջ հայերին արտաքսել Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այս կերպ փակվի հարցը։ «Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավականին ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը»,- հայտարարեց Փաշինյանը։ Մինչդեռ, նշել է Հայաստանի վարչապետը, միջազգային հանրությունը նույնպես հայտարարում է, որ արցախահայության իրավունքների հարցը չի լուծվել, և բարձրացնում է այս խնդրի համապարփակ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը տարբեր մակարդակներում։ «Եթե մենք սխալվում ենք, թող Ադրբեջանը կոնկրետ շահագրգռվածություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների քննարկման հարցում»,- եզրափակեց նա։