Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ Բենիամին գյուղի հատվածում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ «Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։ Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է»,- գրում է գործակալությունը։ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի խոսքով՝ սա առաջին տարին չէ, որ գյուղացին երաշտի ժամանակ ոռոգման խնդիր է ունենում։