Ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նշվում է, որ ադրբեջանական կողմը սկսել է վերանորոգման աշխատանքները մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ: «Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա: Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ: