"Դիմադրության" շարժման մասնակիցները երթ են անում Երևանի փողոցներում, վանկարկելով "առանց Նիկոլ Հայաստան", "Նիկոլ դավաճան": Քիչ առաջ երթի մասնակից քաղաքացիները շրջափակեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերն ու ելքերը: Երթևեկությունը կաթվածահար վիճակում է, մի քանի հազար մարդ ուղղակի շրջապատել է քաղաքապետարանի շենքն ու վանկարկում ու ծափահարում: Ոստիկանները պատ են կազմել քաղաքապետարանի մուտքի ու հավաքի մասնակիցների միջև: "Շենք մտնելու, այն գրավելու ցանկություն չկա: Միակ ցանկությունն այն է, որ քաղաքապետարանի աշխատակիցները միանան մեր շարժմանը",- հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Պատգամավորն ասաց, որ սա ուղերձ է ուղղված նրանց, որպեսզի միանան համաժողովրդական պայքարին: "Ամենակարևորն այն է, որ մեր ժողովուրդը որևէ բռնություն չի կիրառում և սա սկզբունքային հարց է: Սա բերելու է հաշտության, մեր միասնականության, որպեսզի կարողանանք դիմագրավել մեզ սպառնացող մարտահրավերներին",- ասաց նա՝ նշելով, որ պատգամավորներով առաջին շարքերում են, որպեսզի բացառեն բախումը ոստիկանների հետ: Իրավիճակը լարված է: