«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա խոսքով, պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ «Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։ Նշեմ, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։ Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»,- գրել է խոսնակը։