«Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել
Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ։ Արգելոցի և արգելավայրի տարածքում թույլատրվում են` բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը. սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը. ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը. տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը. ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 քմ մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ. կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը. Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները: Արգելվում են՝ մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների). թռչունների ձվերի հավաքը. թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն). ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը. տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով. խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը. արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը: Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում արգելվում են` ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն. ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը. շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի. ջրային տարածքի աղտոտումը։ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ: Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։