Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին: Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին: Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Նրա խոսքով, Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, կարևորել է Հայաստան-Վրաստան 400 կիլովատտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը համագործակցության արդյունավետ ձևաչափ է, և քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը: Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին՝ ընդգծելով, որ առկա են չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ: Այս առումով երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և գործարար համաժողովների անցկացումը: