Այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի իրավապահները կանխել են երկրի տարածքում ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձը: Հանցագործները, մասնավորապես, ծրագրել էին պայթեցնել Սաղուրամո գյուղի մոտով անցնող գազամուղի բաց հատվածը: Այս իրավիճակը հերթական անգամ առաջ քաշեց ռազմավարական նշանակություն ունեցող այս օբյեկտի խոցելիությունը, որը անցած դարի 90-ականներին իսկական գլխացավանք էր թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար:
Այսօր, իհարկե, իրավիճակը փոքր-ինչ այլ է Իրան-Հայաստան այլընտրանքային գազամուղի շնորհիվ՝ ճգնաժամային իրավիճակում այն լիովին կարող է փոխարինել ռուսական գազը: Ի դեպ, օգոստոսի սկզբին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել «Էներգաիմպեքս» ՓԲ ընկերությունը, որն իր գործառույթների շրջանակում կզբաղվի Իրանից մատակարարվող բնական գազի ներմուծման ծավալների ավելացմանը վերաբերող հարցերով, ինչը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել Իրան-Հայաստան գազամուղը:
Մասնավորապես, առաջիկա տարիներին Իրանը մտադիր է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալը՝ օրական 1 մլն խմ-ից հասցնելով այն մինչև 3 մլն խմ: Սակայն մասնագետները մատնանշում են, որ իրանական գազի համեմատ ռուսական գազը ավելի էժան է, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի համար Վրաստանի տարածքով անցնող գազամուղի անվտանգությունը շարունակում է մնալ առաջնային խնդիր:
Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում գազամուղին վերաբերող հարցերը դիտարկվում են գրեթե նույն տեսանկյունից. դրա անվտանգության ու անխափանության հետ ցանկացած խնդիր հարված է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի կայունությանը, ինչը նշանակում է, որ պետությունը հնարավորինս թույլ չի տա որևէ արտակարգ իրավիճակ: Եվ ձերբակալված հանցագործների խումբը դրա վառ օրինակն է:
VERELQ-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման առաջնորդ
Առնոլդ Ստեփանյանը մատնանշեց, որ լրիվ տրամաբանական է, որ թե Հայաստանը և թե Ադրբեջանը Վրաստանին դիտարկում են իբրև ամենակարևոր ռազմավարական դաշնակցի՝ կոմունիկացիաների և տրանզիտի բնագավառում: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը իր էներգակիրները այլ երկրներին մատակարարում է Վրաստանի տարածքով, Հայաստանը նույնպես թե՛ գազը, թե՛ այլ ապրանքներ ստանում է Վրաստանով, և այս հանգամանքը կասկածից վեր է դնում այն, որ երկու պետությունները շահագրգռված են Վրաստանի կայունությամբ: Սակայն կա նաև հրամայական տարանջատել նվազագույն և առավելագույն նշանակության խնդիրները: Նվազագույնը՝ վերը թվարկվածն է:
«Իսկ ահա առավելագույն խնդիրը նրանում է, որպեսզի ապահովվի բոլոր տեսակի տրանզիտների անվտանգությունը Վրաստանով ու հնարավորինս խոչընդոտվի օպոնենտ երկրի տրանզիտը: Վերջին ժամանակահատվածում ակնհայտ է դառնում, որ նման միտում կա և չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայ-ադրբեջանական շահերի բախումը տևում է արդեն տասը տարի: Հասկանալի պատճառներով Ադրբեջանն ավելի ակտիվ դերակատարում ունի այդ գործընթացում, սակայն Վրաստանը միանշանակորեն հետաքրքրված է, որպեսզի այդ բախումը գոնե իր տարածքում նվազագույնի հասցվի ու որևէ կերպ չարտահայտվի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ստեփանյանը նկատեց, որ հատկապես ղարաբաղյան հակամարտությունից հետո այդ մասին ավելի շատ են սկսել բարձրաձայնել և, ըստ ամենայնի, ծրագրվում են կոնկրետ գործողություններ, որպեսզի ապահովվի բոլոր այն հատվածների անվտանգությունը, որտեղ անցնում են Հայաստան և Ադրբեջան տանող ենթակառուցվածքները: Ըստ նրա՝ վրացական կողմի մոտ կա դրա հստակ գիտակցումը և բանակցությունները վարվում են երկու երկրների կառավարությունների հետ: Միևնույն ժամանակ նա հորդորեց չբացառել նաև երրորդ կողմի գործոնը, որը կարող է օգուտներ քաղել այդ ենթակառուցվածքների անվտանգության սպառնալիքներից, ինչն էլ կարող է դիտարկվել իբրև լրջագույն շրջադարձ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում:
«Բայց քանի դեռ շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրությունները հանգում են նրան, որ Վրաստանի կայունությունը կարևոր է, նման կարգի ռիսկերը նվազագույնն են: Թեև կրկնվեմ, որ ներկայիս աշխարհում պետք չէ բացառել աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք կարող են իրենց արձագանքը թողնել նաև մեր տարածաշրջանում»,- հավելեց Ստեփանյանը:
Էներգետիկ անվտանգության փորձագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների բաժնի գիտաշխատող
Արմեն Մանվելյանի խոսքով՝ ի տարբերություն 1990-ականների, Հայաստանի էներգետիկ անվտանգությունը այսօր բավականին այլ մակարդակի վրա է գտնվում: Եվ եթե դիվերսիան իրականացվեր, ապա այն արդյունքը չէր ունենա, ինչ կարող էր ունենալ 90-ականներին, քանի որ Հայաստանն այսօր այլընտրանքային գազամուղ ունի Իրանից, որն իր ծավալով և իր հզորությամբ լիովին կարող է փոխարինել ՌԴ-Հայաստան գազամուղը:
«Ի սկզբանե այն նպատակաուղղված էր ճգնաժամերի դեպքում Հայաստանը գազով անխափան ապահովելուն: Այնպես որ, եթե այդ ահաբեկչությունն իրականացվեր, ապա այսօր Հայաստանը շատ ավելի ապահովագրված իրավիճակում կհայտնվեր, քան եթե դա տեղի ունենար երկու տասնամյակ առաջ»,- ասաց նա:
Մանվելյանի խոսքով՝ Իրանից Հայաստան եկող գազամուղը ունակ է ամբողջ ծավալով փակել գազի պահանջարկը: Դրա տարեկան հզորությունը մոտ 2.3 մլրդ խմ է, ինչը լիովին բավարարում է Հայաստանի ներքին պահանջարկը: Այդ առումով նա իսկապես ռազմավարական նշանակություն ունի: Բայց գնի առումով իրանական գազը փոքր-ինչ ավելի թանկ է, քան ռուսական գազը, բայց ճգնաժամերի դեպքում այս այլընտրանքային գազամուղը լիովին կարող է իրականացնել գործառույթը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այս իրավիճակը չի մատնանշում, որ ռազմավարական նշանակություն ունեցող գազամուղը խոցելի է և երկու պետությունները ինչ-որ հավելյալ մեխանիզմներ չպետք է մշակեն, ներդնեն այն էլ ավելի ապահովագրելու համար, փորձագետը նշեց, որ գոյություն ունի միջպետական պայմանագիր, որով գազամուղի երաշխավորը Վրաստանի տարածքում հանդիսանում է հենց Վրաստանը, քանի որ երկրի տարածքում գազամուղը այդ երկրին է պատկանում՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սեփականությունը չէ:
«Հետևաբար Վրաստանը ինքը հենց պատասխանատու է գազամուղի ապահովության համար և դա հստակ ամրագրված է. այդ իմաստով երաշխիքները կան: Այստեղ այլ խնդիր կա, այն է, որ գազամուղն աշխարհագրական առումով ոչ նպաստավոր դիրքում է գտնվում, բարդ տեղանքով է անցնում, որոնց մեծ մասը բարձրադիր-լեռնային են և բնական աղետի դեպքում հնարավոր չէ կանխատեսում անել: Բայց դա արդեն այլ հարց է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մնում է ավելացնենք, 2016 թվականի հունվարին «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ փոխտնօրեն
Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ընկերությունը մտադիր է փոխել Վրաստանի տարածքով մատակարարվող ռուսական գազի երթուղին: Խոսքը, մասնավորապես, գազամուղի շուրջ 17 կմ հատվածի մասին էր: Որոշումն ընդունելու համար, անվտանգության նկատառումներից բացի, հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ գազամուղը հաճախ էր վնասվում քարաթափումների հետևանքով, ինչը ժամանակավորապես դադարեցնում էր գազի մատակարարումը և ստիպում Հայաստանին անցնել պահուստային գազամատակարարման: Նշվում էր, որ այս հարցի շուրջ առաջիկայում համաձայնություն ձեռք կբերվի վրացական կողմի հետ, իսկ նախագծի ֆինանսավորումը «Գազպրոմ Արմենիան» ներառել էր 2016-2018 թվականների ներդրումային ծրագրի մեջ: Սակայն այլ մեկնաբանություններ այս հարցի շուրջ այլևս չեն տրվել:
Պատրատեց Լիա Խոջոյանը