Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գերատեսչությունների ղեկավարներին իրենց ոլորտներում իրականացնել ներդրումային ծրագրերի գույքագրում և գործադիրի աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերը, որոնցում կանխատեսվում են ներդրումների իրականացում ընթացիկ 2017 թվականին: Ըստ վարչապետի՝ ոլորտի պատասխանատուները պետք է հստակ նշեն ներդրումների կանխատեսվող ծավալը: «Հաջորդ շաբաթվա ընթացքում բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը հստակ պետք է հաշվետվություն տան, թե 2017 թվականին իրենց ոլորտներում ինչ ներդրումներ են ակնկալում»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներդրումների աղբյուրները կարող են լինել տարբեր՝ վարկային, բյուջետային և այլն: